Փետրվարի 24-ին ՀՀ նախագահի նստավայրում ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն ստորագրեցին համարյա մեկ ամիս քննարկվող համագործակցության համաձայնագիրը, որին հաջորդեցին մարզպետների ու նախարարների փոփոխությունները: ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե ՆԱՂԴԱԼՅԱՆԻՆ հարցրի.
-Ի՞նչ անմիջական ու ի՞նչ հեռագնա հետևանքներ կարող է համագործակցության համաձայնագիրն ունենալ քաղաքական կյանքում:
-Անմիջական հետևանքները՝ ՀՅԴ-ն մասնակցում է պետական կառավարմանը, իսկ հեռագնա հետևանքները, ավելի ստույգ՝ արդյունքները, ամրագրված են հենց համաձայնագրում: Ես կարծում եմ, որ երեկ նախագահի նստավայրում սկիզբ դրվեց քաղաքական նշանակություն ունեցող մի գործընթացի, որի հաջողությունը շատ կարևոր է երկրի և բոլորիս համար: Այս ընթացքում այնքան մեկնաբանություններ՝ միաժամանակ և դրվատանքներ, և մեղադրանքներ են հնչել երկու կուսակցությունների համագործակցության փաստի ու հնարավորությունների վերաբերյալ, որ, կարծում եմ, մնում է լուծել միայն մեկ խնդիր՝ ապացուցել, որ ակնկալիքները տեղին էին, քննադատությունը՝ անտեղի: Ի վերջո, մենք պետք է թոթափենք անվստահության ու ամեն ինչի նկատմամբ ի սկզբանե հոռետես վերաբերմունքը՝ օմբուդսմեն ենք ընտրում՝ հայտարարում ենք՝ չենք հավատում, զեկույց են քննարկում, հայտարարում ենք՝ չենք հավատում: Նիհիլիզմը դեռ ոչ մեկին օգուտ չի տվել: ՀՅԴ-ի հետ համագործակցությունը մեկ տարվա համար չէ և նպատակ ունի մեկտեղել երկու կուսակցությունների ինտելեկտուալ ներուժը, իշխանական ու ընդդիմադիր գործունեության փորձը՝ ուղղելով արդյունավետ կառավարման խնդիրների լուծմանը: Երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ի հետ քննարկում էր համագործակցության ձևաչափն ու ուղղությունները, ամենաշատ հնչած հարցը՝ ինչո՞ւ հենց ՀՅԴ-ն էր: Իսկ ինչո՞ւ ոչ, երբ կա տեսակետների ընդհանրություն ու խնդիրները միասին լուծելու ցանկություն: ՀՀԿ-ն միշտ բաց է եղել այլ կուսակցությունների հետ համագործակցության համար, պետք չէ բացառել, որ ընտրություններից հետո կարող է ստեղծվել ավելի ընդգրկուն համագործակցություն՝ ելնելով ընտրությունների արդյունքներից:
-Ինչո՞ւ ՀՀ նախագահն անձամբ չստորագրեց ՀՅԴ-ի հետ համաձայնագիրը, ինչպես կոալիցիոն նախորդ համաձայնագրերը:
-Համաձայնագիրը երկու կուսակցությունների միջև է, ՀՅԴ-ի կառույցն այնպիսին է, որ կուսակցությունը չունի նախագահ, բայց կարծում եմ՝ դա չէ գլխավորը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ստորագրությունը բնավ չի նվազեցնում համաձայնագրի արժեքն ու նշանակությունը:
-Համամի՞տ եք տեսակետին, որ ՀՅԴ-ն ստացավ պորտֆելներն ու մարզպետական աթոռները հանրաքվեի ժամանակ ՀՀԿ-ին աջակցելու համար:
-Իհարկե՝ ոչ: Քաղաքականությունը լուրջ գործընթաց է՝ այդքան պարզունակ ու մակերեսային եզրակացությունների համար: ՀՅԴ-ն համարյա քսանհինգ տարի խոսում էր խորհրդարանական կառավարման մասին և անհեթեթ է գնահատել, որ կառավարման մոդելի փոփոխության հանրաքվեում դիրքորոշումը կապվում է իշխանական համակարգում ներկայացվածության հետ՝ ՀՅԴ-ի կողմից, իսկ ՀՀԿ-ի համար պետական կառավարման համակարգը երբեք չի եղել կուսակցությանը աջակցության կամ մեղադրանքների դիմաց «հաշիվները փակելու» միջոց: ՀՀԿ-ն մշտապես կարողացել է տարբերել կուսակցությունն ու պետությունը և ընտրության անհրաժեշտության դեպքում էլ գործել է ի շահ պետության: Կարծում եմ՝ ՀՀ նախագահի փետրվարի 12-ի ելույթը և փետրվարի 24-ին կնքված համագործակցության համաձայնագիրը ՀՅԴ-ի հետ կանխորոշելու են Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքի զարգացումները ոչ միայն մինչև 2017-ը, այլև՝ հետո էլ: Պետության կայունության և զարգացման կարևորագույն որակներից էլ կանխատեսելի ու հետևողական քաղաքականությունը։
Զրույցը`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ